Working discussion of the MSG Civil society and mining companies' constituencies on the legislative draft package on the provision of land use rights at the Ministry of Territorial Administration and Infrastructure
2025թ. դեկտեմբերի 12-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի քաղաքացիական խմբակցության և ընդերքօգտագործման խմբակցության անդամների աշխատանքային հանդիպում: Հանդիպումը կազմակերպվել էր Նախարարության նախաձեռնությամբ՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, ԲՇԽ-ի նախագահ Տ.Խաչատրյանի գլխավորությամբ ս.թ. հոկտեմբերի 30-ին կայացած ԲՇԽ-ի նիստի հանձնարարականի: Ըստ նշված հանձնարարականի՝ մինչև համապատասխան որոշումների ընդունումը հարկ էր ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման օրենսդրական նախագծի փաթեթը, որի շուրջ նւստի ժամանակ իրենց մտավախություններն ու դիտարկումներն էին հայտնել ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների անդամները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԲՇԽ-ի կառավարության խմբակցության անդամ Ա.Վարդանյանը առաջարկել էր գործընկերներին՝ մինչև աշխատանքային քննարկման անցկացումը՝ E-draft-ի միջոցով գրավոր ներկայացնել իրենց նկատառումները նախագծի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցեցին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի անդամներ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, «ԱՍՍԱՏ-Մ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արթուր Պեպանյանը, «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, ԱՃԹՆ-ի ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանը, նախարարության Ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Քաղաքականության մշակման բաժնի պետ Սեդա հակոբյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից հրավիրված Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը:
Հանդիպման սկզբում ՏԿԵՆ-ի պատասխանատուները ներկայացրեցին օրենսդրական փոփոխությունների բովանդակությունը և դրանցով հետապնդվող նպատակները, այնուհետև սկսվեցին աշխատանքային քննարկումները:
Երկուստեք ներկայացված փաստարկների հանրագումարում որոշվեց, որ ընդերքօգտագործողների և քաղաքացիական հասարակության խմբակցությունները իրենց կոնկրետ առաջարկությունները գրավոր կներկայացնեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընդունելիության դեպքում դրանք օրենսդրական նախաձեռնության մեջ ընգրկելու համար: